Այսօր էլ` Հայաստանի Երրորդ անկախ Հանրապետությունում շարունակվում է պայքարը հայ գիտնականի արժանապատիվ կյանքի համար: Գիտական աստիճան ունեցող երիտասարդ տաղանդավոր գիտնականներից շատերի աշխատավարձը մինչև 32.000 դրամ է: Նրանք պատրաստվում են լքել Հայաստանը: Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Հանրային հեռուստաընկերության 2011թ.մայիսի 8-ի «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում: Նա մասնավորապես, ասել է. «Ցավոք, մենք ուղեղներ ենք մատակարարում աշխարհին: Ազգային այս մեծագույն արժեքը պետության կողմից այսօր չի գնահատվում և պահպանվում: Գիտնականների միջին տարիքը վերջին 10 տարիների ընթացքում աճել է 10 տարով եւ այժմ հասնում է 57-58 տարեկանի: Այս աղետալի տեմպերով շուտով Հայաստանում գիտությունը կարող է բառացիորեն ֆիզիկապես դադարել գոյություն ունենալ: Այսօր աշխարհում գիտնականների միջին մասնաբաժինը 1 մլն բնակչի հաշվով կազմում է 3500 մարդ, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը ընդամենը 1500 է»:
Վտանգավոր ահազանգ է նաեւ այն, որ դրսում բարձրարժեք, որակյալ կրթություն եւ գիտական աստիճան ստացած մեր երիտասարդները տեղ չեն գտնում ոչ Երևանի պետական համալսարանում, ոչ որեւէ ԲՈՒՀ-ում: «Վերոնշյալի առնչությամբ ուզում եմ բարձրաձայնել մի շարք հարցեր` ովքե՞ր են դասավանդում մեր համալսարաններում, ինչպիսի՞ չափորոշիչներով են ընտրվում, ի՞նչ ժամկետներով, ո՞րն է դասախոսների արդյունավետության գնահատականը: Ինչո՞ւ Ազգային մրցունակության հիմնադրամը չի սատարում երիտասարդ գիտնականին:
2011թ. բյուջեում «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկել էր գիտությանը հատկացվող գումարը բյուջեի 0,98%-ի փոխարեն դարձնել 1.5%, գիտնականների աշխատավարձը կրկնապատկել եւ, վերջապես, կենսաթոշակի անցած գիտնականների համար սահմանել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000թ.-ին ընդունված ՀՀ օրենքով նախատեսված հավելավճարներ, որն արդեն 11 տարի է, ինչ չի գործում: Կառավարությունը մերժեց այս առաջարկները: Կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ գումարներ գտնել ու տրամադրել պետական անվտանգության տեսակետից կարեւորագույն խնդիրը` ուղեղների արտահոսքը կանխելու համար»,-ասվում է Անահիտ Բախշյանի հայտարարության մեջ:





