AM
10 Մայիս 2011 - 13:58 AMT

Սփյուռքի նախարարը հանդիպումներ է ունեցել Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Մայիսի 7-ին Ստամբուլում «Կանանց համաշխարհային 21-րդ գագաթնաժողով»-ի շրջանակներում կայացավ հատուկ մրցանակների հանձնման հանդիսավոր արարողություն: Եռօրյա համաժողովն ընդհանուր առմամբ համատեղել էր շուրջ 1000 ներկայացուցչի` 82 երկրից, այդ թվում` առաջին տիկիններ, 35 կին նախարար, գործարար կանայք, հասարակական և քաղաքական գործիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց «Կանանց համաշխարհային գագաթաժողովի» փակման հանդիսավոր արարողությունը, որում ելույթով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Նույն օրը ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպումներ ունեցավ նաև Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հ.Հակոբյանն այցելեց Պեշիքթաշի Սուրբ Աստվածածին, Ղալաթիայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Եշիլգյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցիներ, հանդիպեց եկեղեցիների հոգաբարձուների խորհուրդների անդամների հետ:

Այնուհետև նախարարն այցելեց Էսայան վարժարան, որտեղ մասնակցեց վարժարանի «Մարալ» պարախմբի համերգին, ինչպես նաև աշակերտների պատրաստած միջոցառմանը: Վարժարանի սաներն արտասանեցին Ավետիք Իսահակյանի և Դանիել Վարուժանի ստեղծագործություններից:

Նախարարը եղավ նաև Կեդրոնական վարժարանում: Այստեղ նախարարի այցելության առթիվ կազմակերպվել էր հատուկ համերգ-բեմադրություն, որին հաջորդեց ընդունելությունը: Նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը` մասնավորապես անդրադառնալով «Արի տուն», «Մեր մեծերը» և այլ ծրագրերի և կոչ արեց ակտիվ մասնակցել դրանց: