Մայիսի 9-ին Թբիլիսիի Ակակի Խորավայի անվան կինոյի տանը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, տեղի ունեցավ «Հայրենական Մեծ պատերազմին եւ Շուշիի ազատագրմանը» նվիրված համերգ: Համերգային ծրագրով ելույթ ունեցան «Ջեյրան» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար Սվետլաննա Երիցյան), Վիրահայոց թեմի Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասեր երիտասարդաց միության «Նաիրի» եւ «Անի» պարային համույթները (գեղարվեստական ղեկավար Անգելինա Նազարյան), մեներգերով հանդես եկան՝ Հենրիխ Պետրոսյան, Նինա Կարապետյան եւ Անահիտ Հարությունյան:
Ցուցադրվեց վավերագրական ֆիլմ «Շուշիի Լեգենդը» խորագրով:
Համերգերին ներկա էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ եւ Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներ, որոնց փոխանցվեցին հուշանվերներ:
Վիրահայոց թեմի Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը ջերմորեն շնորհավորեցին ժողովրդին երկու հաղթանակների նվիրական տոների առիթով:





