ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն մայիսի 11-ին այցելեց Աբու Դաբիում գտնվող «Ալ Ռյում» ընկերություն, որի սեփականատերը հայազգի Արա Խանոյանն է: «Ալ Ռյում»-ը ԱՄԷ-ում համարվում է կանաչապատման ոլորտի խոշորագույն ընկերություններից:
Ա. Գեւորգյանին ներկայացվեցին ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը: Փոխվարչապետը նշեց, որ տպավորված է ընկերության հաջողություններով եւ ողջունեց Ա. Խանոյանի` նաեւ հայրենիքում ծրագրեր իրականացնելու մտադրությունը:
Ընկերությունը մշակել է Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի եւ հարակից տարածքի բարեկարգման նախագիծ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախագծի իրականացման հետ կապված հարցերը կքննարկվեն Երեւանի քաղաքապետարանի հետ` ընկերության ղեկավարության` առաջիկայում Հայաստան կատարելիք այցի ընթացքում:
Անդրադարձ եղավ նաեւ նոր համատեղ ծրագերի իրականացման հնարավորություններին:





