Մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) և Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
Ադրբեջանի տարածքից դիտարկման առաքելությունը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը: Դիտարկման խմբում ընդգրկված էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անտալ Հերդիչը (Հունգարիա):
Դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:





