Մայիսի 6-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բրազիլիայի Հանրապետություն` Սան Պաուլո, հայտնում է Սբ Էջմիածնի մամլո դիվանը: Մայիսի 7-ին Սան Պաուլոյի Սուրբ Գևորգ եկեղեցում տեղի ունեցավ Հրաշափառի արարողություն` ներկայությամբ բազմաթիվ բրազիլահայ հավատացյալների: Արարողությանը ներկա էին նաև Հայաստանի Հանրապետության դեսպանը, Քույր եկեղեցիների ներկայացուցիչներ:
«Հայ կենտրոնի» սրահում Նորին Սրբությունը հանդիպեց բրազիլահայ երիտասարդների հետ, իր Հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց երիտասարդներին, պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին:
Նույն օրը Վեհափառ Հայրապետը հանդիպումներ ունեցավ նաև Բրազիլիայի Հայոց թեմի ներկայացուցչական մարմնի, Հայկական բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի անդամների, Հայ օգնության միության Սան Պաուլոյի և Օզասկոյի ներկայացուցիչների, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների, Սան Պաուլոյի ՀՅԴ անդամների, Բրազիլահայ գաղութի Հայ ակումբի վարչության անդամների հետ: Վեհափառ Հայրապետը հորդորեց թեմում հիմնադրամներ ստեղծել` Եկեղեցու պահպանության, Եկեղեցու հովանու ներքո գործող հայ դպրոցի, ազգային, մշակութային կազմակերպությունների շարունակական գործունեությունն ապահովելու և արդյունավորելու համար:
Հաջորդը օրը`պաշտոնական ճաշկերույթի ժամանակ հայտարարվեց, որ Բրազիլիայի Հայոց թեմի հավատավոր հայորդիները, Նորին Սրբության հորդորին անսալով, հիմնեցին հայ դպրոցի հիմնադրամը: Երեկոյան Հայոց Հայրապետի օրհնությամբ տեղի ունեցավ Սան Պաուլոյում Հայաստանի Հյուպատոսության բացման արարողությունը` ՀՀ Պատվո հյուպատոս տիկին Հիլտա Պուրմայանի կազմակերպած հանդիսության ընթացքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ դեսպանը, Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ջերալդո Ալկեմինը, Բրազիլիայի կառավարության ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ, Պուրմայան ընտանիքի բարեկամներ:
Մայիսի 8-ին Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց Հայրապետական Ս. Պատարագ, որին հավատացյալների բազմամարդ մասնակցությունն աննախադեպ էր Բրազիլիայի թեմում: Պատարագից հետո Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի կողքին տեղադրված խաչքարի օրհնության արարողությունը:–ԿԱ—





