AM
12 Մայիս 2011 - 08:43 AMT

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է Բրազիլիայի փոխնախագահ Միշել Թեմերի հետ

Շարունակվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հովվապետական այցը Բրազիլիայի Հանրապետություն: Մայիսի 9-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը Բրազիլիայի Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում հանդիպում ունեցավ Բրազիլիայի փոխնախագահ Միշել Թեմերի հետ: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ Հայաստանի և Բրազիլիայի միջև ամրացող հարաբերություններին, բարձր գնահատեց Սան Պաուլոյի քաղաքապետարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը և հույս հայտնեց, որ Բրազիլիայում Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակական պիտի լինի, ու նաև Բրազիլիոյ պետությունը պիտի դատապարտի Հայոց Ցեղասպանությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց Բրազիլիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ բարյացակամ վերաբերմունքի և մշտապես դրսևորվող աջակցության համար, որով Բրազիլիայի հայերը իրենց ազգային-եկեղեցական կյանքի կազմակերպմամբ նաև մեծ ներդրում են բերում երկրի առաջընթացին ու բարգավճմանը, հայ-բրազիլական հարաբերությունների սերտացմանը: Բրազիլիայի փոխնախագահն իր հերթին ողջունեց Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Բրազիլիա` վստահություն հայտնելով, որ Հայոց Հայրապետի այցը մեծապես պիտի նպաստի մեր երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը և համագործակցության առավել արգասավորմանը:

Նույն օրը Նորին Սրբությունն այցելեց Բրազիլիայում ՀՀ դեսպանատուն և զրույց ունեցավ ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանի հետ: Քննարկվեցին դեսպանության գործունեությանն առնչվող հարցեր: Դեսպանի կողմից վերստին նշվեց, որ առաջիկային պիտի կառուցվի Բրազիլիայում ՀՀ դեսպանատան նոր շենքը` հովանավորությամբ տիկին Հիլտա Պուրմայանի, հայտնում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը: