Անհանգստանալով սոցիալական ցնցումների արդյունքում հյուսիսաֆրիկյան և մերձավորարևելյան երկրներից փախստականների հսկայական ներհոսքի կապակցությամբ` Բրյուսելում Եվրամիության անդամ երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարները քննարկել են Շենգենյան համաձայնագրի առանձին դրույթների վերանայման հնարավորությունը:
Ինչպես նշվում է Եվրամիության Խորհրդի պաշտոնական կայքում, ապօրինի գաղթի դեմ պայքարում ԵՄ անդամ պետությունները պետք է արդյունավետ միջոցներ կիրառեն Եվրամիության արտաքին սահմաններին սահմանամերձ վերահսկողության իրականացման համար: «Կարող է անհրաժեշտություն առաջանա կատարելագործելու Շենգենի կանոնները, որոնք վերացնում են սահմանամերձ հսկողությունն ու Շենգենյան գոտում երաշխավորում ազատ տեղաշարժումն առանձ անձնագրերի»,- նշվում է ԵՄ Խորհրդի հայտարարության մեջ:
Բացի դրանից, ԵՄ-ն որպես վերջին քայլ ակնարկում է արտակարգ իրադրությունների դեպքում ԵՄ ազգային սահմաններին ժամանակավոր հսկողության անցկացման մեխանիզմների ընդլայնման անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ Ֆրանսիան և Իտալիան, որոնք բախվել են Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից գաղթականների հոսքի հետ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուին նամակ էին հղել Շենգենյան համաձայնագրի մոդեռնիզացման մասին առաջարկով: Երկու երկրներն էլ Եվրոպական Միությանն են դիմել Շենգենյան գոտու ներսում ժամանակավոր սահմանամերձ հսկողությունը վերականգնելու խնդրանքով:





