AM
17 Մայիս 2011 - 05:24 AMT

Կոնգրեսական Փալոունը կոչ է անում պահպանել Ազատության ակտի 907-րդ ուղղումը

ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը նամակով դիմել է կոնգրեսականներին, որտեղ ասվում է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին 2012 ֆինանսական տարվա համար օժանդակության ցուցաբերման մասին, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):

Նամակում կոնգրեսական Փալոունը կոչ է անում ստորագրել Կոնգրեսի օտարերկրյա հատկացումների ենթակոմիտեին ուղղված նամակը հետևյալ կետերով. տնտեսական օգնություն ցույց տալ Հայաստանին 60 մլն դոլարի չափով և 10 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղին, պահպանել Ազատության ակտի 907-րդ ուղղումը և պահպանել ռազմական հավասարակշռությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, չխոչընդոտել շփումներին ու կապերին Լեռնային Ղարաբաղի հետ, Հայաստանին ցուցաբերել շուրջ 10 մլն դոլարի ռազմական օգնություն:

Նամակում Հայաստանին աջակցող խմբի համանախագահը հղում է անում Ադրբեջանի ագրեսիային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ, որպես ռազմական հավասարության պահպանման հիմնական պատճառ: Փալոունը նաև նշեց, որ կոնգրեսականները սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբին: