Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մտադիր է ներողություն խնդրել իր ժողովրդից և համաներում խնդրել: Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը, այսօր համապատասխան նամակը տարածվելու է արաբական ԶԼՄ-ներում: Եգիպտոսի նախկին նախագահն իր ուղերձում խնդրելու է ներել նրան և իր ընտանիքին «մարդկանց դեմ կատարած ամեն հանցագործության համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Մուբարաքը նաև հայտարարելու է իր ակտիվները երկրի ժողովրդին հանձնելու մասին, հաղորդում է ՌԲԿ-ն:
Նախօրեին Հոսնի Մուբարաքի կինը` Սյուզան Մուբարաքը հրաժարվել է ունեցվածքից հօգուտ պետության: Մասնավորապես, Եգիտպոսի սեփականություն է դառնում Կահիրեի արվարձանում գտնվող վիլլան և եգիպտական բանկերից մեկի հաշիվները: Ակտիվների ընդհանուր արժեքն ավելի քան 3.5 մլն դոլար է:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ մեղադրել են Մուբարաքի կնոջը երկրից 250 ձուլակտոր ոսկի և 3 մլրդ դոլար տանելու մեջ: Հերթական հարցաքննությունից հետո Սյուզան Մուբարաքը հոսպիտալացվել է:
Հայտնի է, որ Եգիպտոսի նախկին նախագահը պատրաստ է պետությանը հանձնել իր ակտիվները, մասնավորապես 143 մլն դոլարի բանկային հաշիվը:
«Հետաքննության հետ նման գործարքը», ինչպես գնահատում են այդ որոշումը մի շարք քաղաքագետներ, աննախադեպ է: Մինչև հիմա իշխանությունից հեռացված ոչ մի արաբ առաջնորդ նման կերպ չի վարվել:





