AM
18 Մայիս 2011 - 11:09 AMT

Սլովակիայի հայտնի շաբաթերթերից մեկը Հայոց ցեղասպանության մասին ծավալուն հոդված է ներակայացրել

Սլովակիայի ամենահայտնի շաբաթաթերթերից «Týždeň»-ը /»Տիժդեն»/ հրապարակել է ծավալուն հոդված Հայոց ցեղասպանության շուրջ: Հոդվածի հեղինակը` հայտնի լրագրող և ֆոտոթղթակից Անդրեյ Բանը, ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հովանավորությամբ երկշաբաթյա այցով գտնվում էր Հայաստանում` ցեղասպանության տարելիցը լուսաբանելու, և Արցախում` արցախյան հիմնահարցն եվրոպական լայն զանգվածներին ներկայացնելու նպատակով: Ցեղասպանության շուրջ հոդվածը տեղավորված է շաբաթաթերթի կենտրոնական էջերում և ներկայացված է վեց լուսանկարներով, որոնցից մեկը գրավում է երկու էջ:

Հոդվածագիրը տարակուսանք է հայտնում հատկապես Հայոց ցեղասպանության ընդունման շուրջ գերտերությունների այսօրվա վերաբերմունքի կապակցությամբ: Նույնիսկ մասերից մեկի վերնագիրը հետևյալն է «Օբաման 100-ամյա այս ոճիրը ընդամենը անվանում է «գազանություն»: Այս հատվածում ցավով է նշվում, որ Միացյալ Նահանգների կոնգրեսը քաջություն չունի դեռևս պաշտոնապես հաստատելու Հայոց ցեղասպանության փաստը, երբ Սլովակիան արդեն 2004թ-ին այն ճանաչել է: Եվ սա այն դեպքում, երբ ազգությամբ հրեա Ռաֆայել Լեմկինը «ցեղասպանություն» իրավաբանական եզրը պատրաստելուց օգտվել էր հենց Հայոց ցեղասպանության փաստերից:

Անդրեյ Բանը լուսանկարների բարձրարվեստ ալբոմի հեղինակ է, որտեղ ներկայացված են վերջին տարիներին աշխարհի բոլոր թեժ կետեր նրա այցելությունների ժամանակ կատարված լուսանկարները: Հայաստան նա ժամանեց Ճապոնիա կատարած իր երկշաբաթյա աշխատանքային այցից հետո` այս, Հայաստան և Արցախ այցերի ընթացքում պատրաստած լուսանկարները հաջորդ գրքում զետեղելու նպատակով, հաղորդում են Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից: