AM
20 Մայիս 2011 - 14:22 AMT

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում

Մայիսի 19-ին նախարար Նալբանդյանն այցելեց ԱՄՆ Կոնգրես, ուր հանդիպում ունեցավ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ:

Հայաստանի արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով կոնգրեսականին իր բազմամյա հայանպաստ գործունեության համար, կարևորեց Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի և նրա ղեկավարների մեծ ներդրումն ու դերակատարությունը հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Կոնգրեսականը ներկայացրեց հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքները և առաջիկա ծրագրերը և նշեց, որ ինքը հայ ժողովրդի բարեկամն է և շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման: Ֆրենք Փալոնի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ, որի հետ քննարկեց երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վաշինգտոնում հանդիպեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ, որի հետ քննարկեց առաջիկայում ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելությանն առնչվող հարցեր: Մայիսի 19-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Վաշինգտոնի «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում, որտեղ նրան ողջունեց «Բրուքինգսի» ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ, դեսպան Ստրոբ Տելբոթը:

Նախարարի ելույթին ներկա էին պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ:

Իր ելույթում արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրեց հայ-ամերիկյան հարաբերությունները, մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Վաշինգտոնից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը առանձին հանդիպումներ ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի և Հայ դատի հանձնախմբի պատասխանատուների հետ, որոնց հետ քննարկեց Հայաստանի արտաքին քաղաքականության, ինչպես նաև նրանց գործունեությանն առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: