Երկրում հասարակական խմբերի և կազմակերպությունների տեսքով գործող ներքին թշնամիների դեմ պայքարը մշտապես Իրանի հետախուզության նախարարության օրակարգում է: Այդ մասին Թեհրանում հայտնել է ԻԻՀ հետախուզության նախարար հոջեթ ուլ-իսլամ Հեյդար Մոսլեհին: «Այդ գործունեությունն առաջնահերթ է մեր նախարարության համար, և մենք գործում ենք մեր հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում»,- հայտնել է Հեյդար Մոսլեհին: Խորհրդաժողովին ներկա գտնվող գերմանացի լրագրողի հարցին, թե «ինչով ավարտվեցին Ձեր և նախագահի միջև վեճն ու հաշտությունը», Մոսլեհին պատասխանել է. «Մեր միջև որևէ վեճ և հաշտություն չի եղել: Դա մասնավոր հարց էր, որը բարեհաջող լուծվեց», հաղորդում է FarsNews-ը:





