ԵԽԽՎ Հայաստանի գծով համանախագահներ Ջոն Փրեսքոթն ու Ալեքս Ֆիշերը ողջունել են ԱԺ-կողմից հայտարարված համաներումը, որը հայտարարել է ԱԺ-ն նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով: Զեկուցողները նշել են, որ այդ համաներման արդյունքում ազատ կարձակվեն բոլոր այն անձիք, որոնք բանտարկության մեջ են 2008թ, մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ: «Այդ անձանց ազատ արձակումն ու 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննությունը վերացնում է վերջին խոչընդոտը երկրում քաղաքական մթնոլորտի բարելավման համար և դուռ է բացում իշխանությունների ու ընդդիմության միջև կառուցողական երկխոսության համար: Դա դրական գործընթաց է Հայաստանի համար»,-ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը, համազեկուցողները ոգևորված են Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններով, որտեղ նա հստակ հայտարարեց, որ պատրաստ է առաջ ընթանալ իշխանությունների հետ երկխոսության գործում: «Այդ դրական իրադարձությունները, և ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության կառուցողական մոտեցումը լավ ժողովրդավարական զարգացում և մարդու իրավունքների պաշտպանություն է խոստանում: «Մենք հուսով ենք, որ 2012թ. կանցկացվեն ժողովրդավարական ընտրություններ: Մենք կշարունակենք մեր ջանքերն ու համագործակցությունը բոլոր քաղաքական ուժերի հետ, որպեսզի այդ ամենը կյանքի կոչվի»,-ասել է Փրեսքոթն ու Ֆիշերը:
ԵԽԽՎ համազեկուցողները մտադիր են Հայաստան այցելել ամռանը՝ ժողովրդավարական ինստիտուտների մասին զեկույցի նախապատրաստման համար: Զեկույցը ներկայացվելու է 2011թ. հոկտեմբերին:





