ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդների հայտարարությունը G8 գագաթնաժողովում խորհրդատվական բնույթ է կրում և չի ենթադրում նրանց խորհրդին չհետևելու դեպքում ինչ-որ պատժամիջոցների կիրառում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ձգտում է միջազգայնացնել ղարաբաղյան հակամարտությունը, դրա քննարկումը հանել միջազգային հարթակ, այս դեպքում` G8` տարածաշրջանում սեփական ազդեցությունն ուժեղացնելու համար: «Սակայն ներկա պահին կարելի է համոզված ասել, որ Ղարաբաղում հակամարտության խաղաղ լուծման օբյեկտիվ պայմաններ չեն ստեղծվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկա դրությամբ ցույց է տվել հակամարտությունը կարգավորելու իր անկարողությունը, ուստի նրա ցանկացած հայտարարությունը լուրջ չի ընդունվելու ոչ Ադրբեջանում, ոչ Հայաստանում»,- ասել է նա:





