AM
27 Մայիս 2011 - 06:49 AMT

Սերգեյ Մարկեդոնով. ՀԱՊԿ-ը չի միջամտի ղարաբաղյան հակամարտությանը

ՀԱՊԿ-ը չի միջամտի ղարաբաղյան հակամարտությանը, և դա վերացական խոսակցություն չէ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Վաշինգտոնի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հրավիրված աշխատակից Սերգեյ Մարկեդոնովը: Նա հիշեցրել է, որ 1992թ., երբ արդեն ստեղծվել էր ՀԱՊԿ-ի նախորդ՝ ՀԱՊ-ը, տեղի ունեցավ ամենահաջող ու լայնածավալ ադրբեջանական հարձակումը Ղարաբաղում: Եվ ոչ միայն, այն ժամանակ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվեց Արծվաշենը, որը ԼՂԻՄ մաս չէր կազմում խորհրդային տարիներին: «Դա ՀԽՍՀ տարածքն էր: Եվ ՀԱՊ-ը ոչ մի կերպ չարձագանքեց դրան: Մի մոռացեք, որ իր այսօրվա տեսքով ՀԱՊԿ-ը ունի կենտրոնասիական դոմինանտ և ստեղծվել է առաջին հերթին այդ տարածաշրջանի անվտանգության ապահովման նպատակով: ՀԱՊԿ-ին են անդամակցում Ադրբեջանի այնպիսի կարևոր գործընկերներ, ինչպիսիք են Ղազախստանը, Տաջիկստանը: Բելառուսին էլ ես դժվարությամբ եմ պատկերացնում Երևանին սատարողների շարքում: Եվ ամենակարևորը՝ Մոսկվան: Նրա շահերից է բխում ստատուս քվոյի պահպանումը, ոչ թե ռազմական գործողությունները: Այդ ամենը միասին չեզոքացնում է ՀԱՊԿ դերը Ղարաբաղի խնդրի լուծման հարցում: Նույնն է նաև ՆԱՏՕ-ի պարագայում, սակայն, դա արդեն այլ թեմա է»,-ասել է Մարկեդոնովը: