Հունիսի 12-ին Թուրքիայում կանցնեն խորհրդարանական ընտրություններ: Թուրքիան խորհրդարանական հանրապետութուն է, ուստի դրանց արդյունքներով հնարավոր կլինի կանխատեսել պետության զարգացումն առաջիկա 4 տարում, PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների դոցենտ Ալեքսանդր Սոտնիչենկոն: «Վերջին տարիներին Թուրքիան շատ դինամիկ է զարգանում և նրա առաջնորդները ժողովրդականություն են վայելում: Ուստի, ԱԶԿ-ն, հավանաբար, կհավաքի մոտ 46-48 տոկոս: Ընդդիմությունը վերջին տարիներին համախմբվել է ԺՀԿ-ի շուրջ: Դա թույլ կտա նրան բարձրացնել իր վարկանիշը:
Եթե ազգայնականները չանցնեն խորհրդարան, ապա ԱԶԿ-ն կստանա խորհրդարանի մոտ 2/3-ը և կկարողանա փոխել Սահմանադրությունը: Եթե ազգայնականներն անցնեն, այդ գործընթացը կբարդանա: 550-տեղանոց խորհրդարան պետք է անցնեն 20-35 պատգամավորներ միամանդատ ընտրատարածքներից, հիմնականում, քրդեր, որոնք կձևավորեն քրդամետ Խաղաղության ու ժողովրդավարության խմբակցությունը, սակայն լուրջ ազդեցություն այդ խմբակցությունը երկրի քաղաքականություն վրա ունենալ չի կարող»,-ասել է ռուս փորձագետը:





