ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ նոր պատերազմ Լեռնային Ղարաբաղում չի լինի: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ՌԴ, Ֆրանսիայի ու ԱՄՆ նախագահների Դովիլում արված հայտարարությունը Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ:
«Խաղաղ կարգավորման շանսերն ավելի մեծ են, քան նախկինում: Մենք աշխատում ենք այն մոտեցնելու ուղղությամբ: Հիմք չկա ասելու, թե մենք նոր բախման շեմին ենք»,-ասել է Ռյաբկովը:
Նա նշել է, որ մեծ աշխատանք է տարվել և առաջընթացի հասնելու ու փոխզիջման գալու բոլոր շանսերը կան, հայտնում է ՌԲԿ գործակալությունը:
Մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ քաղաքում ընդունվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլյա Սարկոզիի ավանդական հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Բացի հռչակագրային կոչերից և հայտարարություններից, գերտերությունների նախագահները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից համառորեն պահանջել են «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Որոշ հաղորդագրությունների համաձայն, հունիսի 25-ին Կազանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը` բնականաբար Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ: Հակառակ դեպքում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները պատրաստ են կասկածներ հայտնել «պայմանավորվածությունների ձեռքբերմանը կողմերի հավատարմության» հարցում, ինչն այդքան էլ հեռու չէ իրականությունից` հաշվի առնելով ղարաբաղյան հիմնահարցը խաղաղ ճանապարհով լուծելու` Ադրբեջանի հաստատուն դժկամությունը:
Բացի դրանից, Օբաման, Սարկոզին և Մեդվեդևը, չհնչեցնելով կոնկրետ հասցեատիրոջ անունը, արձագանքել են Ադրբեջանի մշտական սադրանքներին և Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու` նույնքան մշտական սպառնալիքներին: Նախագահները կողմերին «համառորեն խորհուրդ են տալիս բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», որն այդքան ցանկալի է ադրբեջանական իշխանությունների համար, որոնց համար հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է նույն այդ իշխանության կորստին հանգեցնել:





