Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի մահվան պատճառ է դարձել քաղցկեղը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Բժիշկները խոստովանել են, որ նախագահը թոքի չարորակ ուռուցք ուներ, և հենց մետաստազները խոցեցին մյուս օրգանները: Բժիշկներն այժմ խոստովանում են, որ դա, այնուամենայնիվ, քաղցկեղ էր»,- հաղորդում է Աբխազիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Կրիստիան Բժանիան:
Սերգեյ Բագապշը մահացել է քաղցկեղից մայիսի 29-ի առավոտյան 83-րդ մոսկովյան հիվանդանոցում: Սկզբնապես նախագահի մահվան պատճառը չէր հնչեցվում, սակայն ԶԼՄ-ներն ուշադրություն էին դարձնում այն փաստին, որ Բագապշը մահացել է աջ թոքի վիրահատությունից հետո: Մայիսի 21-ին Բագապշի տարած վիրահատությունը բարդացումների հանգեցրեց. Տեղի ունեցավ թոքի պատռվածք` աջակողմյան պնևմոտորաքսի զարգացմամբ: Հիվանդի թոքերն այլևս չէին գործում, իսկ հետագայում բարդացումները տարածվեցին նաև մյուս օրգանների վրա:
Այդուհանդերձ, ինչպես ընդգծում է Բժանիան, վիրահատությունից հետո Բագապշն իրեն բավարար էր զգում և անգամ վեր էր կենում անկողնուց: Սակայն հետո նրա վիճակը հանկարծակի վատացավ, և նա կորցրեց գիտակցությունը:
Սերգեյ Բագապշը կթաղվի Աբխազիայի Օչամչիրի շրջանի Ջգերդա հայրական գյուղում: Ինչպես «Ինտերֆաքսին» պատմեցին հանգուցյալի ազգականները, հավանաբար, դա տեղի կունենա հինգշաբթի` հունիսի 2-ին: Երկուշաբթի` մայիսի 30-ին, Մոսկվայում տեղի կունենա քաղաքացիական հոգեհանգիստ, ինչպես նաև հրաժեշտի արարողություն կկայանա Սուխումիում գտնվող աբխազական ֆիլհարմոնիայում, բայց արդեն չորեքշաբթի` հունիսի 1-ին:
Բագապշը կյանքին հրաժեշտ տվեց 62 տարեկանում:





