AM
30 Մայիս 2011 - 08:07 AMT

Կաթողիկոսը Դոնի Ռոստովում հանդիսապետել է Սբ. Հարություն նորակառույց եկեղեցու օծման արարողությունը

Մայիսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Դոնի Ռոստով քաղաք, ուր հանդիսապետեց Սբ. Հարություն նորակառույց եկեղեցու օծման արարողությունը:

Օդանավակայանում Նորին Սրբությանը դիմավորեցին մարզի հոգևոր դասը` Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ` գլխավորությամբ Ռոստովի մարզի փոխնահանգապետ Սերգեյ Գորբանի, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: Վեհափառ Հայրապետին մատուցվեց աղ ու հաց, որից հետո Նորին Սրբությունն ուղևորվեց նորակառույց եկեղեցի:

Ս. Հարություն եկեղեցին կառուցվել է պատմական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեղում (կառուցված` 1783թ), որը համայնավարների կողմից քանդվել է 1965թ.: Նոր եկեղեցին կառուցվել է Կարապետյան և Ղազարյան ընտանիքների բարերարությամբ` ի հիշատակ Սահակ Կարապետյանի վաղամեռիկ որդու` Արթուր Կարապետյանի: Եկեղեցու ճարտարապետն է Միխայիլ Սարգսյանը:

Հոգեպարար շարականներից և աղոթքներից հետո մկրտության Ս. Ավազանից բերվեց մյուռոնաթափ աղավնին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը սրբալույս մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը, իսկ Եզրաս, Մովսես, Մարկոս և Վրթանես Սրբազանները կատարեցին եկեղեցու տասնվեց սյուների օծումը: Օծման արարողությանը հաջորդեց Ս. Պատարագը, որը մատուցեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հայրապետը հորդորեց ներկա հայորդիներին աներեր պահել հավատը, զորեղ` աստվածասեր ու եկեղեցանվեր ոգին և պահպանել նախանձախնդրությունն ու հավատարմությունը հայրերի սրբազան արժեքների հանդեպ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր գնահատանք հայտնեց եկեղեցու բարերարներ Սահակ Կարապետյանին և Վլադիմիր Ղազարյանին: Ս. Հարություն եկեղեցու օծման առիթով Սահակ Կարապետյանին շնորհվեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն «Ս. Գրիգոր Լուսավորիչ՚ շքանշան, իսկ Վլադիմիր Ղազարյանին` «Ս. Ներսես Շնորհալի՚ պատվո բարձր շքանշան: Այս առիթով հրապարակվեցին նաև Հայրապետական սրբատառ կոնդակները:

Նորին Սրբությունն օծման առիթով նորակառույց եկեղեցուն ընծայեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերված «Աստվածամայրը մանկան հետ՚ նկար:

Նորին Սրբությանն ուղեկցում էին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի միաբաններ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը, Տ. Շահե աբեղա Անանյանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը և Մայր Աթոռի միաբան սարկավագներ: Եկեղեցու օծման արարողությանը մասնակցում էին նաև Հայաստանից ժամանած ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, «Փյունիկ՚ բարեգործական հիմնադրամի նախագահ, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Ջամբարջին և գործադիր տնօրեն Լևոն Սարգսյանը, ՀԲԸՄ երևանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը: