AM
2 Հունիս 2011 - 11:22 AMT

Բաքուն հիասթափված է ղարաբաղյան կարգավորման գծով միջնորդներից

«Չկան երաշխիքներ, որ վաղը կամ մյուս օրը Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ չի սկսվի: Մեզ խաղաղ գոյակցություն է հարկավոր, ոչ թե պատերազմ: Մեզ անհրաժեշտ է խաղաղ զարգացում, բայց ոչինչ չի փոխարինի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնուրույնությունը: Եթե պետք լինի, մենք պատրաստ ենք զոհաբերել կյանքը հանուն տարածքային ամբողջականության»,- հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակա-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Գասանովը The New York Times-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, Բաքուն հիասթափված է միջազգային միջնորդական ջանքերի հարցում:

«ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը չեն անում այն, ինչ խոստացել էին: ԱՄՆ-ը կարծում է, որ այսօր ավելի կարևոր են Աֆղանստանն ու Իրաքը, Հյուսիսային Աֆրիկան և հակահրթիռային պաշտպանությունը Եվրոպայում, բայց ոչ` տարածաշրջանային հակամարտությունները, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է»,- նշել է Գասանովը: