Հունիսի 1-ին չեխական Լիդիցեում բացված Գեղարվեստի 39-րդ միջազգային մանկական ցուցահանդեսում այս տարի ժյուրին ներկայացված աշխատանքներից մրցանակներ է տվել 1471-ին, այդ թվում Հայաստանից ներկայացված 5 աշխատանքների։ Մեդալների են արժանացել Դիլիջանի Շարամբերյանի անվան գեղարվեստի դպրոցը Ալիկ Եսայանի, Թամարա Քոչարյանի, Ալիանա Մուկուչյանի և Սոֆի Սիմոնյանի ներկայացրած գեղանկարչական աշխատանքների համար։ Ցուցահանդեսի մեդալին է արժանացել նաև Վանաձորի Գրիբոյեդովի անվան 11 միջնակարգ դպրոցի աշակերտ Գագիկ Թադևոսյանը հայկական եկեղեցու լուսանկարի համար։ Եվս մեկ հայ Պրահա 1-ի դպրոցներից մեկի աշակերտ 13-ամյա Դենիս Հակոբյանն արժանացել է հատուկ մրցանակի
Այս տարվա միջոցառումը հատկանշական էր նաև նրանով, որ ցուցահանդեսի բացման գեղարվեստական մասը ներկայացրին Պրահայի հայկական շաբաթօրյա դպրոցի սաները` ժողովրդական երգ ու պարով, որը ջերմորեն ընդունվեց հանդիսականների կողմից։
Հանդիսությանը ելույթ ունեցավ Չեխիայի սենատի փոխնախագահ Պրեմիսլ Սոբոտկան, ով կարևորեց մանկական նման ցուցադրության նշանակությունը այնպիսի մի գյուղում, ինչպիսին Լիդիցեն է։ Պաշտոնական ելույթներից ու մրցանակների հանձնումից հետո, Լիդիցե թանգարան-պատկերասրահի շենքում բացվեց մրցանակների արժանացած աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը, հաղորդում է Չեխիայի հայ համայնքի պաշտոնական կայքը: Լիդիցե գյուղը 1942 թվականի հունիսի 10-ին ոչնչացվել էր ֆաշիստների կողմից, և զոհվածների թվում էին նաև 82 երեխաներ, որոնց հիշատակին նվիրված հուշարձանը Լիդիցեի թանգարանային համալիրի տարածքում է։





