Հունիսի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը Ադրբեջանի` ՄԱԿ-ում ձեռնարկած հակահայկական քայլերի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, Կարեն Նազարյանը կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քարոզչության վրա:
Միաժամանակ գլխավոր քարտուղարին ուղղված գրության մեջ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգի կարևորության ֆոնի ներքո իսկապես հիասթափեցնող է այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է չարաշահել իր` ՄԱԿ անդամ-պետություն լինելու հանգամանքը` օգտագործելով ցանկացած հնարավորություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ապատեղեկատվական քարոզչություն տարածելու համար:
Ընդգծելով, որ Ադրբեջանում անգամ ամենաբարձր մակարդակով անուշադրության են մատնվում ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ գործող նախագահի, Մինսկի խմբի համանախագահող երկրների և Եվրոպական Միության ղեկավարների կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդման և շփման գծում դիպուկահարների ետքաշման վերաբերյալ հայտարարությունները` դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանն անհիմն և սադրիչ նամակներ տարածելու փոխարեն իր ուշադրությունը կկենտրոնացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վրա:
Կարեն Նազարյանը ամփոփում է իր նամակը` նշելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ինչն էլ բազմիցս ապացուցել է գործնական քայլերով:





