Ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն առաջընթաց չի ակնկալում Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացից: «Ես փոքր-ինչ հոռետես եմ»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով, եթե հայկական ղեկավարությունը չընդունի Ադրբեջանի առաջադրած պայմանները և մնա երկրի ներսում կատարվող հայտարարությունների շրջանակում, ապա չարժե որևէ համաձայնագրի ստորագրում ակնկալել: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի համար հակամարտության կարգավորման` միջնորդների կողմից առաջարկվող Մադրիդյան սկզբունքները, ձեռնտու չեն:
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նշանակված է հունիսի 25-ին Կազանում: Հանդիպմանը քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Այս ձևաչափով վերջին հանդիպումը կայացել է 2011 թվականի մարտի 5-ին Սոչիում: Այդ հանդիպման արդյունքում ոչ մի հռչակագիր չի ընդունվել:
Մայիսի 26-ին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլյա Սարկոզին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել «քաղաքական կամք դրսևորել և հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական գագաթաժողովի ընթացքում ավարտել (Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման) հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները»: Հետագա երկարաձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հավատարմությունը պայմանավորվածությունների ձեռքբերմանը»,- ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է ֆրանսիական Դովիլ քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ:





