AM
14 Հունիս 2011 - 13:43 AMT

«Լինսի» հիմնադրամը ըստ ժամանակացույցի իրականացնում է դպրոցների վերանորոգումը

Հունիսի 14-ին տեղի ունեցավ «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:

Քննարկվեց հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի ընթացքը: ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանի ներկայացմամբ` ծրագրում ընդգրկված բոլոր վեց դպրոցներում շինարարական աշխատանքներն իրականացվում են ըստ ժամանակացույցի եւ կավարտվեն սեպտեմբերին:

Խորհուրդը քննարկեց նաեւ ծրագրի իրականացման ընթացքում տնտեսված գումարների տնօրինման հետ կապված հարցեր: Որոշվեց խնայված միջոցներից 150 մլն դրամ ուղղել Սպիտակի թիվ 1, 100 –ական մլն դրամ` Վանաձորի թիվ 6 եւ Ստեփանավանի թիվ 22 դպրոցների ուսումնական մասնաշենքերի վերանորոգմանը` այդպիսով ամբողջացնելով կրթական հաստատությունների նորոգումը: Վերոնշյալ դպրոցներում ծրագրով կառուցվում են մարզադահլիճներ եւ հանդիսությունների սրահներ, իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Ուսումանական մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում:

Նշենք, որ ՀՀ կառավարության եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ կնքված Վերաձեւակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրով հիմնադրամի ծրագիրը շարունակվում է «Դպրոցաշինության» բաղադրիչով եւ ընդգրկում է Շիրակի մարզի Սարակապ, Նոր Կյանք ու Արեւշատ գյուղերի եւ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թիվ 1, Ստեփանավանի թիվ 6 ու Վանաձորի թիվ 22 դպրոցները: Այս մարզերն ընտրվել էին Սպիտակի երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 12 մլն դոլար է, հաղորդել են PanARMENIAN.Net-ին Տարածքային կառավարման նախարարությունից: