Նիդերլանդների Թագավորությունում իր այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հունիսի 21-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հոլանդացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Անվտանգության և արդարադատության հարցերով պետքարտուղար Ֆրեդ Թիվենի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են հայ-հոլանդական հարաբերությունների խորացումը անվտանգության, արդարադատության և իրավապահ մարմինների համագործակցության ոլորտներում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր երկրում քրեակատարողական համակարգում, ոստիկանության և դատաիրավական ոլորտներում իրականացվող բարեփոխումներին հոլանդական կողմի աջակցության մասին: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ հոլանդական պատվիրակության սեպտեմբերյան այցի ընթացքում կմշակվեն աջակցության, կարիքների գնահատման և փոխգործակցության մեխանիզմների հետ կապված ընթացակարգային խնդիրները:
Հաագայի Ազգային անվտանգության և ռազմավարական հետազոտությունների կենտրոնում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում անվտանգությանն առնչվող մարտահրավերների և ռիսկերի վերլուծության և գնահատման ժամանակակից համակարգ ներդնելու մասին: Կենտրոնի ղեկավար Ռոբ դե Վիկը նշել է, որ իրենց աջակցությամբ այդպիսի համակարգ է ներդրվել Ուկրաինայում, և կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով համագործակցություն սկսել Հայաստանում` նմանատիպ ժամանակակից եվրոպական համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը Եվրոպական Միության առանցքային հարցադրումներից մեկն է, որը ներկայացվում է թե Հայաստանին, թե Արևելյան Գործընկերության մյուս երկրներին:
Նիդերլանդների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կառլ վան Ուֆորդի հետ քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում հայ-հոլանդական պարբերական կոնսուլտացիաների անցկացման խնդիրները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական խորհրդատվություններ անցկացնելու մասին:
Խորհրդականի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հայկական կողմի տեսակետները` նշելով որ դրանք համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումների հետ, և որ թուրք-ադրբեջանական կողմերի կառուցողական դիրքորոշումների բացակայությունը խոչընդոտում է առաջընթացի գրանցման գործընթացին: Կողմերը կարևորել են Հարավային Կովկասում փոխգործակցության և կայունության ամրապնդումը և ԵՄ-ի հետ սերտ գործակցութամբ բարեփոխումների խորացման անհրաժեշտությունը:





