AM
24 Հունիս 2011 - 06:47 AMT

Ծիրանի առաջին խմբաքանակը, որը 2 օրից կհասնի 10 տոննայի, կառաքվի ՌԴ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի բեռնային համալիրին կից վերջերս բացված սառնարանային համալիրի կողմից մատուցվող ծառայություններին, դրանց սակագներին, կառուցվածքին և թողունակությանը տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և պտուղբանջարեղեն ու խաղող արտահանող ձեռնարկությունների ներկայացուցիչները եղան նշված կառույցում:

«Սառանարանային համալիրի գործարկումը առաջընթաց քայլ է հանրապետության տնտեսության զարգացման համար, քանի որ մեր կառավարությունը որդեգրել է արտահանման խրախուսման քաղաքականություն` այդ ոլորտում մեծ տեղ հատկացնելով հատկապես գյուղմթերքների արտահանմանը: Սառնարանային համալիրը` արտահանման ոլորտը կայուն հիմքերի վրա դնելուց բացի, գյուղացիական տնտեսություններին և ֆերմերներին հնարավորություն կտա բարելավել արտադրանքի մատուցման որակը և արդյունքում ավելի շատ եկամուտ ստանա»,- լրագրողների հետ ճեպազրուցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Ըստ փոխնախարարի, արդեն սկսվել է ծիրանի արտահանումը, որի 1 տոննայի պահպանման արժեքը մեկ օրվա համար` 1000 դրամ է: Ժամկետների և արտադրանքի ծավալների հետ կապված գործում է նաև զեղչային ճկուն համակարգ, որն առավել մատչելի կդարձնի արտահանման գործընթացը: Առաջիկայում կսկսվի նաև մյուս մթերքների արտահանումը:

«Ծիրանի առաջին խմբաքանակը, որը 2 օրից կհասնի 10 տոննայի, առաքվելու է Ռուսաստանի Դաշնություն»,- ասաց օդանավակայանի գլխավոր մենեջեր Անդրանիկ Շխյանը: Միջազգային չափորոշիչներով կահավորված սարքավորումների շնորհիվ օդի ջերմաստիճանը կառույցի ներսում 0 -4 աստիճան է: Գործում են նաև -20-ից ցածր ջերմաստիճան ապահովող սառցարաններ, որոնց շնորհիվ հումքը կպահպանի ինչպես ապրանքային որակը, համը, այլև քաշը:

Ընդհանուր առմամբ, համալիրում հնարավոր է ընդունել 500 տոննա գյուղատնտեսական արտադրանք: Կառույցը, որի հատակն ու պատերը երեսպատվել են ֆրանսիական արտադրության հատուկ ջերմամեկուսիչ պանելներով, համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին: