ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Կազան՝ մասնակցելու Ռուսաստանի նախագահի գավաթի ավանդական ձիարշավին: Կազանի Կրեմլում երեկոյան տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նախագահ Մեդվեդևի մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Նախագահ Ալիևը դեռ երեկ է ժամանել Կազան:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ Կազանի հանդիպման վերաբերյալ, որտեղ ասվում է, որ այդ հանդիպումը կոչված է սահմանագծի դեր կատարել ղարաբաղյան կարգավորման գործում: «Մենք ակնկալում ենք Բաքվի ու Երևանի կառուցողական արձագանքը համատեղ հայտարարությանը, որն արվել է մայիսի 26-ին Դովիլում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից և որով կոչ է արվում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին քաղաքական կամք դրսևորել ու ավարտել Ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների նախագծի քննարկումը Կազանի գագաթաժողովի ժամանակ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:





