AM
24 Հունիս 2011 - 14:43 AMT

ԵՄ 27 երկրներն Իսրայելին ու Պաղեստինին կոչ են անում վերսկսել բանակցությունները

Եվրամիության 27 երկրների առաջնորդներն Իսրայելի և Պաղեստինի միջև բանակցությունների շուտափույթ վերսկսմանը կողմ են արտահայտվել: Այդ մասին հայտնել է Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:

«Միայն ուղղակի բանակցությունների վերսկսումը կարող է իրական շանս ապահովել և (պաղեստինա-իսրայելյան հակամարտության) երկարատև ու համակողմանի լուծման հանգեցնել»,- ասել է Եվրախորհրդի նախագահը ԵՄ գագաթաժողովի ավարտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Վան Ռոմպեյի խոսքով, հանդիպման մասնակիցներն օժանդակել են ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի կոչին` Վաշինգտոնում մերձավորարևելյան «քառյակի» նախարարական հապշտապ նիստ հրավիրել` Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցությունների վերսկսման աշխատանքների կազմակերպման նպատակով:

Պաղեստինի ազգային վարչակազմը (ՊԱՎ) ձգտում է անկախ պետություն ստեղծել 1967թ. սահմաններում և հուսով է, որ միջազգային բանակցությունների արդյունքում Իսրայելը զորքերը դուրս կբերի 1967թ. հետո զավթած տարածքներից` Հորդանանի արևմտյան ափից, Գազայի հատվածից և Արևելյան Երուսաղեմից: Այդ տարածքում ՊԱՎ-ը ցանկանում է պաղեստինյան պետություն ստեղծել, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը: Սակայն Իսրայելը հրաժարվում է վերադառնալ 1967թ. սահմաններին և չի ցանկանում քննարկել Երուսաղեմի հարցը, որը նա հռչակել է իր «հավերժ ու անբաժանելի մայրաքաղաքը»:

2011 թվականի մարտի վերջին Մահմուդ Աբբասը հայտարարեց, որ Պաղեստինի անկախության հռչակում և նրա պետականության ճանաչում է ակնկալում արդեն 2011 թվականի սեպտեմբերին: