AM
11 Հուլիս 2011 - 06:36 AMT

Դմիտրի Մեդվեդև. Ժամանակն է, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվեն

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ըստ հաղորդագրության, որը Սերգեյ Լավրովը թողել է Twitter-ում ՌԴ ԱԳՆ պաշտոնական բաժնում, Մեդվեդևի ուղերձի էությունն այն է, որ պայմանավորվելու ժամանակն է: «Սպասում ենք պատասխանի»,-գրել է Լավրովը:

Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին փոխանցեց Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձն ու առաջարկությունները: Կազանում հունիսի 24-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցան Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի բանակցությունները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որոնք ավարտվեցին առանց պայմանավորվածությունների կարգավորման հիմնարար սկզբունքների մասին: Ինչպես հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն, կողմերին չհաջողվեց համաձայնության գալ, քանի որ Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր ուղղում առաջարկեց: