AM
11 Հուլիս 2011 - 09:00 AMT

Հայաստանում կարտադրվի նոր մինի տրակտոր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը Արմավիրի մարզ այցի շրջանակներում այցելեց «Արմավիրի հաստոցաշինական գործարան » ԲԲԸ, որտեղ նրան ներկայացրեցին նոր ապրանքատեսակը, որը կոչված է դյուրացնելու գյուղացու հոգսերը՝ դա բազմաֆունկցիոնալ մինի տրակտոր է:

Ընկերությունը խորհրդային տարիներին թողարկել է սեղանի և ռադիալ-գալնիկոնային տարբեր մոդելների հաստոցներ և այսօր պահպանել է իր ուղղվածությունը՝ արտադրանքի հիմնական մասը արտահանելով ԱՊՀ երկրներ և Իրան:

Գալնիկոնային հաստոցների պահանջարկի նվազման հետևանքով ընկերությունն այժմ արտադրում է մինչև 9կգ ձուլածո դետալներ, որոնց արտադրության համար ունի Հայաստանում եզակի համարվող գերճշգրիտ ճնշման վառարան: Ներկայացնելով նորամուծությունը՝ գործարանի տեխնիկական տնօրեն Նորիկ Ավդալյանը նշեց, որ բազմաֆունկցիոնալ սարքը կարող է աշխատել բարձր ճնշման տակ 1 ժամում ծախսելով ընդամենը 300 գ բենզին:

Մոդելը փորձարարական է, երկարությունտը 2,5 մ է, լայնությունը՝ 1մ, այն անվանել են Armavir 2011: Նվազագույն առաջընթաց արագությունը կազմում է 2,83 կմ/ժ, առավելագույնը՝ 17,3 կմ/ժ, իսկ նվազագույն հետընթաց արագությունը կազմում է 4 կմ/ժ, առավելագույնը՝ 12 կմ/ժ: Գործարանի տնօրեն Անդրանիկ Սարգսյանը նշեց, որ մինի տրակտորը նախատեսված է դաշտային աշխատանքների համար, փոքր տնտեսությունների և ջերմոցների համար:

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ անկախ նրանից, որ գործարանի հզորությունները նախկինը չեն, այնուամենայնիվ ընկերությունն ունի իր արտադրանքն ու շուկաները և ունի մասնագիտական կազմ: Նախարարը նաև գոհունակությամբ է նշել, որ ընկերությունում աշխատում են երիտասարդ մասնագետներ և զարգանում է ինժեներական միտքը: Անդրադառնալով մինի տրակտորին՝ նա ասաց, որ հարկավոր է տեխնիկապես կատարելագործել այն և որոշել թե ինչ պահանջարկ այն կունենա գյուղատնտեսության ոլորտում: