«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում ընթացիկ տարում Լոռու մարզում իրականացնում է 3 հիմնական բաղադրիչ ունեցող զարգացման նոր ծրագիր:
Առաջին բաղադրիչով նախատեսվում է մարզի մի շարք համայնքներում իրականացնել արոտավայրերի կառավարմանն ու անասնապահության զարգացմանն ուղղված աշխատանքներ: Երկրորդով` հզորացնել գյուղատնտեսությանն աջակցող ծառայությունները, երրորդով` իրականացնել մրցակցային դրամաշնորհային ծրագրեր:
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, վարկային նոր ծրագրի իրականացմանը մասնակից կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելեց Լոռու մարզի Ահնիձոր համայնք, որը մարզի 9 այլ համայնքների թվում ընդգրկված է արոտավայրերի կառավարման ու անասնապահության զարգացման բաղադրիչում:
2011թվականին վերը նշված գյուղերից 5-ի` Լորուտի, Աթանի, Շամուտի, Դսեղի և Ահնիձորի համար կմշակվեն կառավարման պլաններ, կբարելավվեն նրանց վարչական սահմաններում գտնվող շուրջ 11500 հա արոտավայրեր, 7000 հա հեռա գնա արոտներում կտեղադրվեն խմոցներ, կբարելավվեն ճանապարհները: Շուրջ 340 հա չմշակվող վարելահողերի վրա կկազմակերպվի մշակովի անասնակերի արտադրություն, համայնքների կողմից տնտեսապես հիմնավորված առաջարկների դեպքում կստեղծվեն կաթի ընդունման և վերամշակման հնարավորություններ:
Ծրագրի իրականացման արդյունքում կավելանան անասնապահությունից ստացվող մթերքների ծավալները, բնակչության եկամուտները, ինչպես նաև համայնքի բյուջե մուտքա գրվող գումարները: Այսօրվա դրությամբ, նշված համայնքներից 4-ում արդեն ձևավորվել են «Արոտ օգտագործողների միավորում>> սպառողական կոոպերատիվներ և համայնքների արոտավայրերի կառավարման ու անասնապահության զարգացման 4 հանձնաժողովներ, որոնք ձեռնամուխ են եղել «Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զար գացման» պլանների մշակմանը:
Ահնիձոր համայնքում «Արոտ օգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի ընդհանուր ժողովն այսօր ձևավորեց «Համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման»> 5-րդ հանձնաժողովը մարզում:
Իր ելույթում ՀՀ գյուղատնտեսության նախարարը անդրադարձավ մարզի գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրերին ու հեռանկարներին, վստահեցնելով, որ ոլորտի խնդիրներին պետական աջակցություն ցուցաբերելու ծավալները գնալով ավելի ընդգրկուն ու տեսանելի են դառնալու, հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվության բաժինը:





