ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO)կենտրոնակայանի գործարար կապերի եւ կլաստերների ծրագրերի ղեկավար Ջերարդո Պատակոնիին: Հանդիպմանը ներկա էին կազմակերպության հայաստանյան ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագրի գլխավոր տեխնիկական խորհրդատու Վիկտոր Զախարյանը եւ Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Հայաստանում UNIDO-ն իրականացնում է «ԵվրԱզԷՍ-ի երկրների միջեւ արդյունաբերական կապերի ինտեգրացիա» ծրագիրը:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվեցին UNIDO-ի եւ Հայաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես` քննարկվեցին Հայաստանի արտադրողների եւ UNIDO-ի գործընկեր եվրոպական մեծածախ առեւտրի ցանց հանդիսացող METRO կազմակերպության հետ համագործակցության հնարավորությունները:
ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության կենտրոնակայանի գործարար կապերի եւ կլաստերների ծրագրերի ղեկավար Ջերարդո Պատակոնին նշեց, որ այս գործընթացի արդյունքում Հայաստանի արտադրողները հնարավորություն կունենան դառնալ եվրոպական մեծածախ առեւտրի ցանցի մատակարարներից մեկը` խթանելով արտահանման ծավալները: Կազմակերպության հիմնական առաքելությունն է հզորացնել երկրների ազգային կարողությունները` տնտեսության մրցունակության բարձրացման, առևտրի, ներդրումների, արտահանումների ծավալների աճին նպաստելու ճանապարհով:
Փոխվարչապետը կարեւորեց կազմակերպության մտադրությունը` հայկական գործարար միջավայրի համար սպառման նոր շուկաների ստեղծման հնարավորության առումով` հատկապես ընդգծելով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ա. Գեւորգյանը նշեց, որ արտադրողների շրջանում պետք է բարձրացնել այս գործընթացների մասին իրազեկվածության մակարդակը` միեւնույն ժամանակ առաջարկելով ուսումնասիրել հայկական շուկան` համապատասխան որակի եւ քանակի արտադրանքի ապահովման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում հյուրերը ՀՀ փոխվարչապետին փոխանցեցին UNIDO-ի գլխավոր տնօրեն Կ. Յումկելայի նամակը, որում Հայաստան այցելելու հրավերն ընդունելով` պատրաստակամություն է հայտնվում քննարկել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:





