Հուլիսի 20-ին կառավարությունում օրվա երկրորդ կեսին շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2011 թ. 1-ին կիսամյակի գնահատված կատարողականների, գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդրիների կատարման մասին հաշվետվությունների լսումներըը:
Նշյալ ժամանակահատվածում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ արդարադատության և արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները:
Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ իր գլխավորած գերատեսչության գերակա խնդիրներն են` ՀՀ օրենսդրության վերլուծությունն ու կատարելագործումը, «DataLex» ծրագրի հնարավորությունների զարգացումը` հատկապես, համակարգչային եղանակով հայցեր հարուցելու, բողոքներ բերելու ինստիտուտ ներդնելու տեսքով:
Ըստ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի` վերը նշված ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել առաջնահերթ ուղղություններով: Նախարարության գերակա խնդիրներն են` ՀՀ նախագահի սահմանած արտաքին քաղաքական ուղենիշների և Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների իրականացումը, եվրոպական ուղղության խորացումը, արտաքին տնտեսական ոլորտին աջակցությունը:
Այնուհետև ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանը նշել է, որ գերատեսչության կողմից ձեռնարկված միջոցառումներն ուղղված են հարկային հսկողության մեխանիզմների արդիականացմանը, հարկ վճարողների սպասարկման ծառայությունների որակի բարձրացմանը, ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կառավարման արդյունավետության բարձրացմանը, մաքսային ձևակերպումների ժամանակահատվածի կրճատմանը և Համաշխարհային բանկի խմբի «Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) վարկանիշային դասակարգման սանդղակում Հայաստանի դիրքի էական բարելավմանը:
Ուղևորափոխադրումների սպասարկման որակի բարձրացման, ընթացակարգերի պարզեցման և նորագույն տեխնոլագիաների կիրառման նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր ուղևորային համալիրի շահագործման, քաղավիացիայի ոլորտում ՀՀ-ի երկկողմանի հարաբերությունների ընդլայնման և մեր երկրում փոքր ավիացիայի ներդրմանն առընչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Գերատեսչությունների հաշվետվությունների լսումներն այսօր ավարտվել են Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի զեկույցով, ում գլխավորած պետական կառավարման մարմնի 2011 թ. գերակայությունը ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ռազմավարական ծրագրի իրականացումն է:





