Երևանի Փափազյան փողոցի կրպակների ապամոնտաժումն ուղեկցվում է մայթեզրի ծառերի հատումով : «Սա ուղղակի դժբախտություն է Երևանի համար: Ով որտեղ ինչ գործունեություն ծավալում է, ուղեկցվում է ծառերի հատումով: Հիմա էլ սա` կրպակ են ապամոնտաժում, և դրա համար ծառեր են կտրվում : Քաղաքը ինքնասպան է լինում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Փափազյան փողոցի կրպակների ապամոնտաժմանն ուղեկցող ծառահատումներին, ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ օգոստոս ամսին չի կարելի ծառերը էտել կամ հատել: Արդյունքում ծառը կարող է չորանալ: Նա հավելեց, որ եթե ծառահատումներն այս տեմպերով շարունակվեն, Երևանին մեծ աղետ է սպասվում:
Կարինե Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ նախ պետք է մարդկանց աշխատանքի հարցերը լուծել, հետո նոր անդրադառնալ կրպակների ապամոնտաժմամբ քաղաքը բարեկարգելու խնդրին:
Այս պահի դրությամբ Երևանի տարբեր վարչական շրջանների մոտ 200 կրպակատերեր հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ իրենց բողոքը հայտնելու կրպակների ապամոնտաժման դեմ: Փափազյան- Կոմիտաս փողոցների խաչմերուկում երկու օր է շարունակվում են կրպակների հանման աշխատանքները՝ կարմիր բերետավորների ու ոստիկանության ներկայությամբ: Ապամոնտաժմանը զուգահեռ հատվում են մայթեզրի ծառերը:





