AM
16 Օգոստոս 2011 - 10:10 AMT

Գերմանիայի օմբուդսմենը շոկի մեջ է Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակից

Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակը շոկի է ենթարկել Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լենինգին, որը Բաքվում էր եռօրյա ճանաչողական այցով, հայտնում է contact.az –ը:

«Ինձ չհաջողվեց հանդիպել դատապարտված երիտասարդ ակտիվիստ Բահթիյար Հաջիևի հետ: Ավելին, ինձ մերժեցին, քանի որ արդարադատության նախարարությունը հանդիպման համաձայնություն չի տվել»,-ասել է Լենինգը:

«Ես դա գնահատում եմ, որպես կոպիտ խախտում, քանի որ ԵԽ անդամ երկրում նման վերաբերմունքը մեկ այլ երկրի օմբուդսմենի հանդեպ անթույլատրելի է»,-ասել է Լենինգը Բաքվում տված մամլո ասուլիսում:-«Այսօր ամենուր խախտվում են քաղաքացիների իրավունքները: Դեռ Հեյդար Ալիևն էր ասում, որ Ադրբեջանն ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, սակայն, ժողովրդավարությունն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Բոլոր ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»:

Հաջիևը 2011թ. փետրվարին Facebook-ով կոչ էր անում մարդկանց բողոքի դուրս գալ Բաքվում մարտի 11-ին, իսկ մայիսին նա դատապարտվեց 2 տարվա ազատազրկման զինակոչից խուսափելու համար: