Ռուսաստանի հետ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին իր հայտարարության մեջ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նշել է, որ ճիշտ է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկություններն, ուղղված Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակացությունների վերսկսմանը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: «Իրանը դրական է ընկալում ռուսական գաղափարը խնդիրը «քայլ առ քայլ» լուծելու վերաբերյալ և պատրաստ է առաջարկություններ անել»,-ասել է Իրանի նախագահը:
Օգոստոսի 16-ին Մահմուդ Ահմադինեժադի ու Նիկոլայ Պատրուշևի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են բազմակողմ համագործակցության հարցեր, որոնք առնչվում են Իրանի միջուկային խնդրին: «Մենք ասել ենք, որ հարկավոր է համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի և վեցյակի հետ: Իրանական կողմը ողջունել է առաջարկները»,-ասել է Պատրուշևը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ հանդիպումից հետո:
Իրանը սկսել է միջուկային տեխնոլոգիաները մշակել 1980-ականների կեսից: Արևմուտքը մեղադրում է Իրանին խաղաղ ատոմի ծրագրի քողի տակ միջուկային զենք ստեղծելու մտադրության մեջ: Թեհրանն, իր հերթին պնդում է, որ միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում՝ չցանկանալով կատարել միջազգային պահանջները:
2006թ. ՄԱԿ ԱԽ-ն բանաձև ընդունեց Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին, դրանից հետո պատժամիջոցները խստացվել են արդեն երեք անգամ:





