Համացանցում աղանդավորների դեմ պայքարում Հայ Առաքելական եկեղեցուն պետք է օգնեն վերջինիս հետևորդները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց սբ. Հովհաննես եկեղեցու Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Նա նշեց, որ հոգևորականներից շատերը ունեն համացանցում էջեր, պայքարում են աղանդավորների դեմ, սակայն դա շատ քիչ է:
«Ոչ թե աղանդավորների ղեկավարներն են համացանցում քարոզում իրենց աղանդը, այլ այդ շարժումներում ներգրավվածները: Եթե իրոք մտահոգ եք, ուրեմն թող Առաքելական եկեղեցու ամեն հետևորդ ինքն էլ ֆերմեր խաղալու փոխարեն համացանցում գրի եկեղեցու մասին»,- ասաց Տեր Հայրը:
Անդրադառնալով վերջերս համացանցում հայտնված տեսանյութին, որտեղ Գյումրու աղանդավորական կառույցներից մեկի «հոգևոր հովիվը» մտախավարման մեջ էր գցում մարդկանց, քահանան ասաց` ոչ մի աստվածային ներկայության մասին խոսք գնալ չի կարող:
«Հոգևոր ներկայությունը չի կարող արտահայտվել ուշաթափությամբ, հիստերիկ ծիծաղով: Դա չի խոսում Աստվածային ներկայության մասին: Այլ ընդհակառակը, այնտեղ չի կարող լինել որևէ հոգևոր ներկայություն: Դա հիպնոզ է»,- ասաց Տեր Շմավոնը:





