Սիրիացի իրավապաշտպանները պնդում են, որ կառավարական զորքերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, հակառակ նախագահ Բաշար Ասադի օգոստոսի 18-ի հայտարարությանը բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը: Ըստ ակտիվիստների, ցույցերի նոր ալիքը պայմանավորված է ԱՄՆ-ի, ԳԴՀ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի իշխանությունների օգոստոսի 18-ի կոչով ուղղված Ասադին՝ համաձայնվել ընդդիմության պահանջներին ու հրաժարական տալ: Ոգևորված ցուցարարները դուրս են եկել պաստառներով՝ վրեժ պահանջելով եղբայրներ Բաշար ու Մահեր Ասադներից, որից հետո գնդակոծվել են ուժայինների կողմից:
Առավելագույն զոհերը գրանցվել են հարավային Դերաա գավառում: Ըստ ակտիվիստների, 18 մարդ զոհվել է, տասնայկները՝ վիրավորվել:
Մարտի սկզբին Սիրիայում հակակառավարական ցույցեր ու անկարգություններ սկսվեցին, որոնց արդյունքում, ըստ իրավապաշտպանների, արդեն զոհվել է 1600 խաղաղ քաղաքացի, ևս 300-ն անհայտ կորել է: Այդ զոհերի պատասխանատվությունը ընդդիմությունը դնում է կառավարական զորքերի վրա, որոնք, իբր, կրակ են բացում ցուցարարների վրա: Սիրիայի իշխանությունները հերքում են մեղադրանքները և հայտարարում են, որ զինվորները հետապնդում են միայն ավազակներին: Ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 340 ոստիկան ու զինծառայող: Ոչ պաշտոնական տվյալներով, տուժել է 30 000 խաղաղ բնակիչ: Ցուցարարները պահանջում են ոչ միայն Ասադի հրաժարականը, այլ մահապատիժը:





