Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 21-ին բացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ, որը երևանցիներին խոստանում է վերջինը չլինել։ Այսուհետ յուրաքանչյուր կիրակի հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառին և երևանյան սպառողին ներկայացնելու սեփական արտադրանքը` համեմատաբար ցածր գներով։ Ի թիվս բազմաթիվ այցելուների`տոնավաճառի ընթացքին հետևել է նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` փոխնախարարների, նախարարության այլ աշխատակիցների, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ուղեկցությամբ: Տոնավաճառն ուղեկցվել է երգ -երաժշտությամբ փահլևանների ուրախ կատարումների ներքո։
«Մեր նպատակն է առևտրում նոր մշակույթ մտցնելն ու գյուղացի – քաղաքացի շփումը վերականգնելը:Այդ իսկ պատճառով ցանկացել ենք , որ տոնավաճառը լինի ոչ միայն գնումներ կատարելու, այլև հաճելի ժամանցի վայր», – լրագրողների հետ զրույցում նշել է Սերգո Կարապետյանը` միաժամանակ անդրադառնաով որոշ գնորդների դժգոհություններին: Քաղաքացիների դժգոհությանն ի պատախան, որ ապրանքը սպառվել է բավականին շուտ, և շատերը չեն հասցրել գնումներ կատարել, նախարարը խոստացել է, որ հաջորդ շաբաթվանից և գյուղմթերքների քանակն ու տեսականին կմեծացվի, և գների վրա վերահսկողությունը կուժեղացվի: Իսկ տոնավաճառին ներկայացված տեսականին մեծ է եղել` կաթնամթերք, պտուղ– բանջարեղեն, մեղր։ Տոնավաճառի մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվել են հարմարավետ տաղավարներ, վրաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ՝ ապահովելով քաղաքակիրթ առևտրի համար անհրաժեշտ պայմաններ։ Տոնավաճառին միայն գյուղմթերք արտադրողների մասնակցությունն ապահովելու և միաժամանակ միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչները ձեռնարկել են հատուկ ընթացակարգեր: Կարգուկանոնի պահպանման ու առհասարակ կազմակերպչական հարցերում օգնել են Ագրարային համալսարանի ուսանողները, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունն ու ոստիկանության Արաբկիրի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները: Տոնավաճառի անցկացմանն աջակցում են ՎիվաՍել – ՄՏՍ , «Պեպսի Կոլա Բոթլեր Հայաստան» ընկերությունները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:





