Ռուսաստանի կողմից Հարավային Օսեթիայի Հանրապետության ճանաչման երրորդ տարեդարձի տոնակատարության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև սահմանին իրավիճակի սրումը բացառելու նպատակով մեկ օրով փակվել է Վրաստանի հետ սահմանը, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:
Հարավային Օսեթիայի զինված հակամարտությունը տեղի ունեցավ 2008թ. օգոստոսին մի կողմից Վրաստանի ու մյուս կողմից Ռուսաստանի միջև՝ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ միասին:
Վրացական ու հարավօսական զորքերը տարբեր ինտենսիվության գնդակոծություններ սկսեցին 2008թ. հուլիսին: Օգոստոսի 7-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին դադարեցնել կրակը, սակայն, դա չարվեց: Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Ցխինվալի զանգվածային գնդակոծությունը: Մի քանի ժամից հարձակման անցան վրացական զրահատեխնիկան ու հետևակը: Ցխինվալի վրա հարձակման պաշտոնական առիթ հանդիսացավ, ըստ վրացական կողմի, հրադադարի ռեժիմի խախտումը Հարավային Օսեթիայի կողմից, որն իր հերթին, պնդում է, որ կրակն առաջինը բացել է Վրաստանը:
2008թ. օգոստոսի 8-ին հակամարտությանը պաշտոնապես միացավ Ռուսաստանը՝ վրացական կողմին խաղաղության պարտադրման գործողության շրջանակներում: Օգոստոսի 12-ին Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց գործողության հաջող ավարտի մասին, օգոստոսի 13-ին Աբխազիան պաշտոնապես հայտարարեց վրացական զորքերը Քոդորի կիրճից դուրս մղելու մասին, որից հետո ակտիվ գործողությունները կասեցվեցին:
2008թ. օգոստոսի 14-16 հակամարտության մեջ ներքաշված պետությունների ղեկավարները ստորագրեցին հակամարտության կարգավորման պլանը:





