AM
31 Օգոստոս 2011 - 05:32 AMT

Էկոնոմիկայի նախարարությունը դասընթացներ է կազմակերպելու դեղագործության ոլորտի մարքեթինգի մասնագետների համար

Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) ու «Ջի Էքս Պի» Գերազանցության Կենտրոնը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ նոր համագործակցություն է սկսել։ Կարևորելով դեղագործության ոլորտի մարքեթինգի բարձրակարգ մասնագետների պատրաստումը, հատկապես ցուցահանդեսների դերը բացահայտելու և դրանց արդյունավետ ու պատշաճ մասնակցելու, ինչպես նաև արդյունավետ կառավարման օղակի մասնագետների պատրաստումը, սույն թվականի սեպտեմբերի 5-ից 8-ը կազմակերպվելու են երկու դասընթացներ։ Սեպտեմբերի 5-6-ը տեղի կունենա «Արդյունավետ հաղորդակցություն ցուցահանդեսում», իսկ սեպտեմբերի 7-8-ը՝ «Արդյունավետ կառավարում» թեմաներով դասընթացները։ Արդեն իսկ սկսված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից դասընթացը հաստատելու գործընթացը, որին կհաջորդի նախարար Տիգրան Դավթյանի կողմից շրջանավարտներին տրվող հավաստագրերի վավերացումը։

Նշենք, որ դասընթացը մշակվել է միջազգային հայտնի փորձագետ Ալեքսանդրա Սիրոշի (Ուկրաինա) կողմից և ուղղված է արդի միջազգային դեղագործական մարքեթինգի փորձի բացահայտմանը և ներդրմանը Հայաստանում։

Առաջին դասընթացի գործնական բաժինը մասնակիցներին հնարավորություն է տալիս բացահայտել ցուցահանդեսների այցելուների ուշադրությունը գրավելու մեթոդներ և հնարքներ, այցելուների հետ կապ հաստատել և զարգացնել, այդ գործընթացում կիրառել հաղորդակցության խոսքային և ոչ խոսքային միջոցներ, լսել և բացահայտել հաճախորդի պահանջարկը՝ կատարելագործելով այդ ունակությունները, ճիշտ հարց տալու ունակության զարգացում՝ նպատակ ունենալով այցելուների մեջ տարանջատել իրական հաճախորդներին, սադրիչ հարցերի կամ առարկությունների պատասխանների տարատեսակների մշակում, հիմնարկը կամ ծառայությունները ներկայացնելու ունակությունների զարգացում, զրույցի ավարտի և դրական տպավորության ստեղծման, ինչպես նաև ապագա համագործակցության նախադրյալների նախանշման մեթոդների ու հնարքների կիրառում։

Երկրորդ դասընթացը մասնակիցներին տալիս է կառավարման գործիքներ, կառավարման տարբեր մոտեցումների արդյունավետության գնահատում և առանձնահատկությունները վերլուծելու ունակություն, կառավարման տարբեր իրավիճակների դեպքում արդյունավետ մեթոդների և հնարքների կիրառում։