Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը Analitika.at.ua-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Գասանովի վերջին հայտարարությունները 20-րդ դարի սկզբին Ադրբեջանի կողմից «բարեկամական ժեստի» վերաբերյալ: «Հայտարարությունն այն մասին, որ 20-րդ դարի սկզբին Ադրբեջանը բարեկամության ձեռք է մեկնել հայ ժողովրդին և թույլ է տվել հայկական պետություն ստեղծել «Իրեվանի խանության» տարածքում, պատմության ցինիկ խեղաթյուրում է»,- նշել է Աթանեսյանը:
Այս համատեքստում նա նկատել է, որ սեփական մայրաքաղաքը չունեցող կառավարությունը չէր կարող հայ ժողովրդին իրեն չենթարկվող տարածք նվիրել:
Վերջերս ելույթ ունենալով «Ադրբեջան` քսաներորդ տարին պետական անկախության վերականգնումից ի վեր» խորհրդաժողովում` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Գասանովը հայտարարել է. «1918-1920թթ. Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդները բախվեցին բոլշևիկյան օկուպացիայի հետ: Այդ ժամանակաշրջանում մեծ սիրտ ունեցող ադրբեջանցիները բարեկամության ձեռք մեկնեցին իրենց հայազգի հարևաններին` նվիրելով նրանց Իրեվանի խանության տարածքը և թույլ տալով նրանց հայկական պետություն ստեղծել այդ տարածքում: Ադրբեջանցիները բարեկամական աջակցություն են ցուցաբերել նաև վրացիներին, որոնք նույնպես միշտ օգնել են ադրբեջանցիներին»:





