Հայաստանի Մշակույթի նախարարության «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2011թ. սեպտեմբերի 18-ից 21-ը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կազմակերպելու է պետպատվերով հրատարակված, այդ թվում` գեղարվեստական, ալբոմային, մանկական, հանրամատչելի գրականության ցուցահանդես-վաճառք, հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքը: Ցուցահանդեսի նպատակն է` մարզում ընթերցանության քարոզչությունը, գրքի տարածումը, նաև` վաճառքի կազմակերպումը: Ցուցահանդես-վաճառքը անցկացվելու է Վանաձորի մարզային գրադարանում, պաշտոնական բացումը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին: Ցուցահանդեսի օրերին նախատեսվում են հանդիպումներ մարզի գրողների, մտավորականների, աշակերտների և ուսուցիչների հետ: Կազմակերպվելու են գրական ընթերցումներ, հնչելու է ասմունք: Հայաստանի ճանաչված գրողներն ու հրատարակիչները հանդիպումներ են ունենալու նաև Վանաձորի մանկավարժական համալսարանի ուսանողների հետ:





