Եթե Ադրբեջանի իշխանությունները որոշեն արգելել ռուս լրագրողների մուտքն իր տարածք, մենք կկատարենք որոշումը, սակայն, դա չի նշանակում, որ մեր թղթակիցները կդադարեն այցելել թեժ կետեր, այդ թվում նաև Ղարաբաղ, PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել «Նեզավիսիմայա գազետ» թերթի խմբագրությունում: «Ադրբեջանի իշխանությունները լուծում են քաղաքական հարցերը անկախ ԶԼՄ-ների միջոցով, ինչը, որոշ չափով, նրանց իրավունքն է: Մամուլը այլ խնդիրներ ևս ունի և մենք կշարունակենք լուսաբանել հակամարտություններն ու այցելել թեժ կետեր»,-ասել է թերթի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Արկադի Խանցևիչը:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը «ԼՂՀ ապօրինի այցելության մասին», Խանցևիչը նշել է, որ Ադրբեջանը տեղեկատվություն չի տարածել այն մասին, որ հարկավոր է անցաթուղթ ստանալ ԼՂՀ մուտք գործելու համար և խմբագրությունը պարտավոր չէ զբաղվել նման հարցերով:
Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net –ին հավաստի աղբյուրներից, Ռուսաստանի ԱԳՆ-ն , ըստ հնարավորության, զերծ է պահում լրագրողներին հակամարտության գոտիներ այցելելուց:
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «սև ցուցակի» մեջ է ընդգրկել «Նեզավիսիմայա գազետա»-ի լրագրողներին, որոնք այցելել են Արցախ`հետաքննություն սկսելով նրանց այցի առիթով: «Ադրբեջանը հետաքննում է «Նեզավիսիմայա գազետա»-ի աշխատողների` առանց Բաքվի թույլտվության Արցախ այցելելու փաստը»,- հայտարարել է ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը, գրում է թերթը:
Թերթի տվյալներով, ԱԳՆ-ն հանձնարարել է Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը «ուսումնասիրել լրագրողների այցելության փաստը»:
Նախօրեն «ՆԳ» լրագրող Յուրի Ռոքսը հրապարակել է հոդված «Խաղաղ Ղարաբաղ» անունով: Հոդվածը նվիրվել է Արցախի անկախության 20-ամյակին, որտեղ հեղինակը ներկայացրել է ԼՂՀ քաղաքացիների կենցաղը և կենսակերպը և պատմել տոնական միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել են Անկախության տոնի առթիվ:





