2011 թ. սեպտեմբերի 27-29-ը Ալեքսանդրիայի (ԵԱՀ ) «Ալեքսանդրինա» գրադարանում անցկացվելու է Մերձավոր Արևելքի երկրների և դրանց լեզուներով տպագրության ու հրատարակման պատմությանը նվիրված չորրորդ` եռամյա միջազգային սիմպոզիումը, որին իր մասնակցությունը կբերի նաև Հայաստանը: Սիմպոզիումի շրջանակներում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ նախատեսվում է անցկացնել Հայաստանում գրատպության պատմությանը նվիրված հատուկ նիստ: Մերձավոր Արևելքի լեզուներով և երկրներում հրատարակչության և տպագրության պատմությանը նվիրված միջազգային սիմպոզիումին Հայաստանից կմասնակցեն Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը:
Այդ օրերին գրադարանի տնօրինության առաջարկով հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին նվիրված` Ալեքսանդրինա գրադարանում անցկացվելու է հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն նմուշներ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ու Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի հավաքածուներից, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:





