ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջան, ծանոթացավ Մոտկորի ձորի վեց համայնքները միմյանց և հիմնական մայրուղուն կապող միջհամայնքային ճանապարհի վերանորոգման աշխատանքներին:
Ճանապարհի բարեկարգման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 220 մլն դրամ: Նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կառուցել խճապատ գրունտային ճանապարհ:
Փոխվարչապետին զեկուցվեց, որ 32 կմ-անոց ճանապարհի մոտ 18 կմ հատվածի վերակառուցումը կատարված է, ողջ ծավալով աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերի կեսերին:
Ճանապարհի վերանորոգումն էական նշանակություն կունենա հիմնականում անասնապահությամբ զբաղվող համայնքների զարգացման առումով, որոնց համար ոչ բարվոք ճանապարհները կաթնամթերքի և մսամթերքի իրացման խնդիր են ստեղծում: Ի դեպ, այս համայնքներն ընդգրկված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ՀԲ-ի միջոցներով իրականացվող Համայնքային կարողությունների զարգացման ծրագրում:





