Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բելառուս այցի շրջանակներում Մինսկում հանդիպել է իր բելառուս գործընկեր Սերգեյ Մարտինովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարները քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և նրանց կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Զրուցակիցներն անդրադարձան բարձր մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցին:
Երկուստեք նշվեց լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը և միաժամանակ շեշտվեց այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը` փոխգործակցության հետագա խորացումն ապահովելու համար:
Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Մարտինովն անդրադարձան երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությանը, դրա դիվերսիֆիկացման հնարավորություններին, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարները քննարկեցին նաև մշակութային փոխանակումների առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Սերգեյ Մարտինովի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:
Հանդիպումից հետո Հայաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարները ստորագրեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2011-2012 թթ. խորհրդակցությունների ծրագիրը:
Ստորագրման արարողությանը հետևեց Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարների ճեպազրույցը լրագրողների հետ: Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև Մինսկի Հաղթանակի հրապարակ: Պատվո պահակախմբի ստուգայցից և զինվորական նվագախմբի կողմից Հայաստանի և Բելառուսի օրհներգների կատարումից հետո, նախարար Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Մեծ Հայրենական պատերազմում Հաղթանակի հուշարձանին:





