AM
15 Սեպտեմբեր 2011 - 05:36 AMT

Լիբիան մոտակա օրերին կվերսկսի նավթի մատակարարումը

Լիբիական ընկերությունը կվերսկսի երկրում քաղաքացիական պատերազմի պատճառով երկար ժամանակով ընդհատված նավթի առաքումը: Այս կապակցությամբ Ազգային նավթային ընկերակցության ղեկավար Նուրի Բերուինը հայտնել է, որ Լիբիան «պետք է բավականաչափ նավթ ունենա ութ կամ ինն օր անց Թոբրուքից 1 միլիոն բարրել մատակարարելու համար», հաղորդում է Reuters-ը:

Երկուշաբթի օրը Agoco նավթային ընկերությունը, որը գտնվում է Բենգազիում, հայտարարեց Լիբիայի արևելքում` «Սարիր» հանքավայրում նավթի արտահանման վերսկսման մասին:

Բերուինի տվյալներով, մոտակա վեց ամսվա ընթացքում կմեկնարկի նավթի արտահանումը երկրի բոլոր հանքավայրերում և կհասնի օրական 800 հազարից մինչև 1 մլն բարրելի:

Երկուշաբթի օրը հրապարակված OPEC սեպտեմբերյան հաշվետվության համաձայն, Լիբիան իսկապես կարող է մեկ-մեկուկես տարվա ընթացքում վերադառնալ նավթի արտահանման նախապատերազմյան մակարդակին: