Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում, հերթական անգամ հայտարարել է Եվրամիություն մտնելու Թուրքիայի ձգտման մասին: «Մենք չենք հրաժարվի այս ռազմավարական նպատակից»,- Թուրքիայի նախագահի խոսքերը մեջբերում է dpa գործակալությունը: Գյուլի խոսքով, Թուրքիան պետք է շանս ունենա շարունակել բանակցություններն այս հարցի շուրջ: Իր հերթին Գերմանիայի դաշնային նախագահ Քրիստիան Վուլֆը հայտարարել է, որ ԵՄ մտնելու համար Անկարան «պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, Եվրոպան` նույնպես»:
Միևնույն ժամանակ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գուիդո Վեստերվելլեն ասել է, որ ԵՄ հետ բանակցությունների ընթացքում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու հարցում Բեռլինը կառուցողական դիքրորոշում է զբաղեցնելու: Նա նաև նշել է կարևոր դերը, որը երկիրը խաղում է տարածաշրջանում, հաղորդում է AFP-ն:





